2018-2025 թվականներին ՀՀ Կառավարությունը Հայաստանի մարզերում ավելի քան 2.5 մլրդ դոլարի ներդրումներ է արել ամենատարբեր ծրագրերում: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«256 մլրդ դրամի ծրագիր է արել Երևան մայրաքաղաքում: Համայնքների դոտացիաները 2018 թվականի համեմատ կրկնապատկվել են՝ 48 միլիարդից դառնալով 90 միլիարդ:
ԶՊՄԿ-ում 2010-2017 թվականները պետական բյուջե վճարել է 187 մլրդ դրամ: 2018-2025 թվականներին՝ 464.2 մլրդ, այսինքն՝ 277 մլրդ դրամով կամ 148 տոկոսով ավելի: Ընդ որում՝ այս թվի մեջ մտնում են նաև դիվիդենտները, որոնք վճարվել են:
2017 թվականին առաջին կիսամյակում բյուջեի հարկային եկամուտները կազմել են 550 միլիարդ դրամ: 2025 թվականի առաջին կիսամյակում՝ մեկ տրիլիոն 356 մլրդ դրամ, որը 805 մլրդ-ով կամ 146 տոկոսով ավելի է 2017-ի ցուցանիշից:
2018 թվականի մայիսի համեմատ 2025 թվականի մայիսին աշխատատեղերը ավելացել են 242.331-ով կամ 44 տոկոսով: Միջին աշխատավարձը ավելացել է 131 հազար դրամով կամ 74 տոկոսով: 25 տոկոս գնաճ ենք ունեցել. իրական աճը արձանագրում ենք 50 տոկոս:
Աշխատավարձի ընդհանուր ֆոնդը ավելացել է 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, եկամտային հարկը՝ 24 մլրդ դրամով կամ 100 տոկոսով, չնայած մենք հարկը, գիտեք, որ նվազեցրել ենք:
Ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմն ամբողջ թափով սկսել է աշխատել, և այս ընթացքում մենք 536 մլն դոլարի գույք ենք վերադարձրել պետությանը կամ համայնքին»,- նշեց վարչապետը: