«Կրթվելը նորաձև է» շարժման համար պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, պետական բյուջեից ծախսվել կամ ծախսվում է վարչապետի գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վարչապետի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: Եթե վարչապետի գործունեությունը չֆինանսավորվի պետական բյուջեի միջոցներից, առնվազն հիմքեր կարող են լինել դա որպես կոռուպցիա բնորոշելու համար:
Վարչապետի գործունեությունը կարող է միայն պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվել: Դա է բարեվարք, ճիշտ ձևը: Այս ամեն ինչը պետական բյուջեի միջոցներից է, բա որտեղի՞ց պետք է լիներ»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք ներկայացուցչական ծախսեր են:
«Մենք ժողովրդի առաջ ենք հանդես գալիս, ուզում ենք, որ պատշաճ տեսք ունենա, որ այդ ամեն ինչից պետության տեսք լինի, հազա՛ր ներողություն՝ պետության հոտ գա, կարգ լինի, արարողակարգ, որովհետև դրանք շատ կարևոր ատրիբուտներ են, իսկ այդ ներկայացուցչական ծախսերը գաղտնի են: Գիտե՞ք՝ այդ թվում ինչի համար, որովհետև այդ նույն ներկայացուցչական ծախսերը վերաբերում են ոչ միայն ներքին հարցերին, այլև արտաքին հարցերի, անվտանգային հարցերի, ամենատարբեր բաների վերաբերում են:
Հետևաբար, «Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվել պետական բյուջեից, ֆինանսավորվել են վարչապետի գործունեությունը, վարչապետի հանդիպումը քաղաքացիների հետ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրեն կարո՛ղ է թույլ տալ պետության միջոցներից սուրճ հյուրասիրել քաղաքացիներին, որոնց հետ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում հանդիպել է:
Անդրադառնալով գումարի չափին, թե պետբյուջեից ինչքան է ծախսվել «Կրթվելը նորաձև է» շարժման համար, Փաշինյանը պատասխանեց. «Ինչքան անհրաժեշտ է այդ հանդիպումները կազմակերպելու համար, այդքան էլ ծախսվել է»: