Հայհոյանքն ի՞նչ է, փաստարկի բացակայությունն է, և իմ առաջարկն է՝ եկեք դադարեցնենք դա, որովհետև դա մի իքս պահի դադարելու է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սեպը սեպով հանելու տրամաբանությամբ մի դրդեք մեզ, որ գնանք, որ բոլորն ասեն՝ հա, ոնց որ էդքան էլ լավ չի։ Նենց չի, որ հրադադարը դադարեցրել եմ, բայց ցանկացած պահի, ի վերջո, կաթիլ-կաթիլ լցվում է, և ջուրը թափվում է։ Եկեք չհասցնենք դրան»,- ասաց նա։
Նա անդրադարձավ իր գրառումների վերաբերյալ քննադատություններին՝ նշելով հետևյալը.
«Բայց հետաքրքիր բան պարզվեց. երբ այդ ամենն ասում էին մեր հասցեին, այդ թվում՝ քաղաքական մակարդակում, մենք այդ ժամանակ երկրի ղեկավար չէինք, բայց երբ մենք ենք ասում, դառնում ենք երկրի ղեկավար։ Ամենատխուրն այն է, որ այս մոտեցումը ցույց տվեց իր արդյունավետությունը, որովհետև երբ մարդիկ մտածում են՝ չի կարող ուժեղացված դոզաներով հակադարձում լինել, իրենց շատ անկաշկանդ են զգում, բայց ես ասում եմ, որ, ո՛չ, չի կարող այդպես լինել։ Մենք կորոշենք՝ ում, երբ, ինչպես և ինչ դոզայով, բայց իմացեք, որ այդ գործիքակազմը այլևս կա, կամ՝ ես անում եմ ուրիշ առաջարկ․ եկեք ընդհանրապես հրաժարվենք այդ գործելակերպից»։
Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում քննադատության սահմանափակում չկա․ «Այո՛, սուր, քննադատաբար, կոշտ, բայց, այնուամենայնիվ, եկեք հայհոյախոսությանը վերջ տանք։ Եթե սաղմոսը, աղոթքը, սերը, կոչը, հորդորը չեն ազդում... Այդ բառապաշարով ոչ մեկ թող չփորձի մրցակցել ինձ հետ, ես հինգ ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական և բանահյուսական հետաքրքրություններով, պետք չէ պանդորայի արկղը բացել, եթե մեկը մտածում է, որ հարուստ բառապաշար ունի, կարող է աղքատիկ վիճակում հայտնվել։
Ես էլի եմ ասում, բայց իմ լավագույն պատկերացումն այն է, որ, այո՛, ցանկացած հարցի շուրջ, ցանկացած սրության, բայց բովանդակային, ես պատրաստ եմ, ես եմ հրավիրում մարդկանց բանավեճի, չեն գալիս, գնում իրենց ենթականերին կամ համախոհներին հրահրում են, ասում են՝ գնացեք էս ասեք, էն ասեք»,- ասաց վարչապետը: