Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ներկայումս գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռևս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: Հարցի առնչությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր և գործադիր մարմիններից, ինչպես նաև գործարանի աշխատակիցներ:
Լիլիթ Ստեփանյանը տեղեկացրել է, որ քննարկման արդյունքում արված դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին: Նա շեշտել է, որ «Հրազդան ցեմենտ» գործարանի փակումով անուղղակի մենաշնորհային հստակ միջավայր է ստեղծվում «Արարատցեմենտ» գործարանի համար: Նրա խոսքով՝ թե՛ տնտեսապես և թե՛ քաղաքականապես իշխող քաղաքական ուժը դեմ է նման գործելաոճին: Քաղաքական ու տնտեսական վնասներից զատ ընդգծվել են սոցիալական խնդիրն ու արտագաղթի մեծ վտանգը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, արժևորելով նման ձևաչափով քննարկման անհրաժեշտությունը, նշել է, որ դեռևս 2019 թվականից քննարկվում է գործարանի գործունեության և նշանակության հարցը: Նշվել է, որ «Հրազդան ցեմենտ» գործարանը, իր արտադրանքի ու արտադրական եղանակի առանձնահատկություններով պայմանավորված, կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական շուկայում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով ներկայացրել է Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով ցեմենտի ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրները:
Էդգար Զաքարյանի ներկայացմամբ՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան է ներմուծվել 248.191 տոննա ցեմենտ: Նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 310 հազար տոննա ցեմենտ: Նշվել է, որ 2025 թվականի հունիսի 14-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել 49 ընկերություններ և ձեռնարկատերեր ու ստացել երրորդ երկրներից 9100 տոննա ցեմենտ ներմուծելու լիցենզիա:
Քննարկման ընթացքում ներկայացվել է «Հրազդան ցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավական գործընթացը: Աշխատակիցները ներկայացրել են գործարանի առողջացման գործընթացին վերաբերող իրենց դիրքորոշումն ու տեսլականը:
Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ գործարանի ճակատագրին վերաբերող քննարկումները կշարունակվեն, և աջակցության պատրաստակամություն է հայտնել: