Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ վարողի իրավունքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Արշակյանի խոսքով՝ քիչ առաջ լուրերում կադրեր է տեսել, թե, իբր, ինքը մի կնոջ է հրել:
Նա նախ՝ ներողություն խնդրեց բոլոր այն կանանցից, լրագրողներից, ներկաներից, որոնք քիչ առաջ հետևում էին Ազգային ժողովի դահլիճում ու միջանցքում տեղի ունեցածին: Արշակյանը հույս հայտնեց՝ նրանցից որևէ մեկը չի վնասվել, առավել ևս, որ հղի կնոջ վերաբերյալ էր այդ գրառումը:
«Իհարկե, կադրերում երևում է, որ ես որևէ մեկին չեմ հրում, այլ ընդամենը իմ ձեռքն եմ ազատում, բայց լինելով 4 երեխաների հայր, ուզում եմ ասել, որ եթե որևէ մեկը իրեն անհարմար է զգացել, առավել ևս՝ մի հղի կին, ապա ես նրանից ներողություն եմ խնդրում ընդհանրապես այս իրավիճակի համար, որը ծնվեց նրանից, որ մարդը, ում միջնորդությամբ գլխավոր դատախազը եկել է ԱԺ և մեղադրում է հանցագործության, տեռորիզմի մեջ, չպատասխանեց պատգամավորների հարցերին, փոխարենը, տարբեր տեսակի արտահայտություններ անելով, մասնավորապես՝ մենք տղամարդ ենք, սա մեր ճշմատրությունն է, երդումներ է հնչեցնում, հայացքը չի փախցնում, գլուխը բարձր է քայլում և այլն:
Ես ուզում եմ հարցնել, օրինակ՝ տղամարդկությունը սկսվում է հեռահար զենքով առյուծ սպանելուց և դրա վրա հեծնելո՞ւց: Եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդպիսի տղամարդկությունը:
Եթե ձեր տղամարդկությունը մարտի 1-ին փողոցում քաղաքացիներ սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում ձեր այդ տղամարդկությունը: Եթե դուք կարողանում եք ձեր գլուխը բարձր պտտվել քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, ապա մենք ձեր գլուխը կկռացնենք և կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկչի, և մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որը այդքան բարձր եք դուք պտտում քաղաքում»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Ինչ վերաբերում է իշխանությունների հասցեին հնչած որակումներին՝ ակնարկելով, թե իշխանությունները կռանում են ու զիջում, Արշակյանը ևս մեկ անգամ ամբիոնից հայտարարեց՝ իրենք կռվել են, ուղիղ են նայել ճշմարտության աչքերի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ ընդդիմադիրների քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները մարդիկանց էին սպանում զուգարանում, իրենք հրապարակներում կանգնած ասում էին այն, ինչ ճշմարիտ է ու ինչին հավատում էին, ու այն, ինչ բխում էր ժողովրդի սրտից:
Դրա վառ ապացույցը, ըստ նրա, 2018-ի ոչ բռնի, թաշվյա հեղափոխությունն էր:
«Մենք այդ մարդիկ ենք, ովքեր եկել են այստեղ և կպարտադրեն օրինական իշխանություն բոլորին, այդ թվում՝ առյուծին հեծնողներին, նրանց որդիներին, խմբակցությանը, նույն Արթուր Սարգսյանին և մյուսներին, որոնք հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածք ունեն, որոնք թալանել ու կեղեքել են ժողովրդին, հարստացել բանակի հաշվին:
Ձեզ ոչինչ չի փրկի այդ դատաստանից, որովհետև այդ դատաստանը ժողովրդի պարտադրած օրինական իշխանության դատաստանն է: Այդ դատաստանն է, որը կբերի արդարության, մարդկանց՝ միմյանց նկատմամբ վստահության ավելացման»,- հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալը՝ ընդգծելով, որ ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալը ո՛չ տղամարդկություն է, ո՛չ ճշմարտություն, ո՛չ էլ նման բան անողը իրավունք ունի գլուխը վեր պտտվել մեր երկրում: