ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով:
Հուլիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 59-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի, Էստոնիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի ու Քենիայի համահեղինակմամբ կազմակերպվել է «Միջազգային համագործակցության դերը թվային ոլորտում գենդերային անհավասարության վերացման» խորագրով միջոցառում:

Միջոցառմանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը (տեսակապով), Էստոնիայի գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Քրիստիան Վեսկեն, Ժնևում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Օիկե Աթսույուկին, Քենիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆենսի Չեփկեմոյին, Կոստա Ռիկայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Գյուերմե Ֆերնանդեսը։Միջոցառման ընթացքում ընդգծվել է թվային ռազմավարություններում ու չափորոշիչներում, թվային ոլորտը կարգավորող շրջանակներում կանանց ներկայացվածության ու առաջնորդության կարևորությունը։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են թվային ոլորտում իրականացվող հանձնառություններն ու հեռանկարները։ Մասնավորապես, ընդգծվել է արհեստական բանականության կառավարման ոլորտում կանանց և աղջիկների կրթության, տեխնոլոգիաների զարգացման և կիրառման գործընթացներում նրանց մասնակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով բազմաշերտ միջազգային համագործակցությունը: