Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալությունից և երկու հոգու մահվանից հետո, որին հաջորդել է Բաքվում ռուսաստանցիների, այդ թվում՝ լրագրողների կալանավորումը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է Բաքվում Ռուսաստանի դեսպանատան այն հայտարարությունը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների ստուգումների ժամանակ ուժ է կիրառվել: Դեսպանությունից նաև հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն չի պատասխանել իրենց հարցմանը Ռուսաստանի կալանավորված քաղաքացիներին այցելելու վերաբերյալ: Ըստ ադրբեջանական կողմի՝ հյուպատոսական աջակցության վերաբերյալ հարցումներն ուղարկվել են համախատասխան պետական մարմնին: Փոխարենը Բաքվում հիշեցրել են, որ երբեք չեն հանրայնացրել և չեն քաղաքականացրել հյուպատոսական այցերի վերաբերյալ Ռուսաստանին ուղարկած իրենց դիմումները:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև ռուսական կողմին կոչ է արել զերծ մնալ այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են արհեստականորեն սրել իրավիճակը:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ից ևս մեկ անգամ երկրի քաղաքացիներին կոչ են արել Ադրբեջան ուղևորություն ծրագրելիս հաշվի առնել իրավիճակը և ցուցաբերել զգուշություն:
Հուլիսի 1-ին Բաքվի դատարանը Ռուսաստանի 8 քաղաքացու 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրանք ձերբակալվել էին Իրանից թմրանյութեր տեղափոխելու ու կիբեռհանցագործության կասկածանքով։ Ավելի վաղ Բաքվում 4 ամսով կալանավորվել էին «Սպուտնիկ Ադրբեջան»-ի ղեկավարը և գլխավոր խմբագիրը:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան