Մենք մոռացանք, թե ինչ մթնոլորտ էր երկրում վերջին, այսինքն՝ հետպատերազմյան շրջանում. ատելություն, ատելության խոսք, վիրավորանքներ, և դա նորմ է, այսինքն՝ մեկին հայհոյելը, անիծելը, վիրավորելը դարձավ նորմ: Մենք մոռացանք, որ այդ քարոզի ընթացքում մարդիկ կան՝ ազնիվ, անկեղծ մարդիկ, որ կարող էին հավատալ, թե իշխանությունը, իրոք, զավթել են թուրքական գործակալները, և եթե մենք ոչինչ չէինք անում, այդ մարդիկ, ովքեր համոզում էին, որ գիտեք՝ իշխանությունը զավթել են թուրքական գործակալները, իշխանությունը զավթված է, գնում էին տարբեր երկրներում ամառային ու ձմեռային հանգիստների, կարծես թե իրենք չէին մտահոգված: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստին ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Հայտարարությունում ինձ համար կան անընդունելի կետեր, և ես ո՛չ կողմ եմ քվեարկելու, ո՛չ դեմ, ո՛չ ձեռնպահ, բայց ես դատապարտում եմ ահաբեկչությունը, և ուզում եմ, որ Հայաստանում բոլորը հասկանան, որ Հայաստանում այսուհետ և երբեք ահաբեկչությամբ, բռնությամբ իշխանություն չի փոխվելու, միայն ընտրություններով»,- նշեց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ազգային ժողովում հուլիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: