Երկու ավտոտրանսպոտային միջոցների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդները պարտավոր են ՃՏՊ-ից հետո՝ 20 րոպեի ընթացքում, թողնել պատահարի վայրը, տրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե այն պատահարի հետևանքով չունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 2-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էուարդ Աղաջանյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Եվս մեկ լրացում է առաջարկվում, ըստ որի՝ միայն երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից հետո՝ 20 րոպեի ընթացքում, պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը ՃՏՊ-ի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է դրա շահագործումը:
«Նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք ունենում են թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական անասելի բացասական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- ասաց հիմնական զեկուցողը:
Պատգամավորն ընդգծեց՝ խոսքը միայն երկու տրանսպորտային միջոցների պատահարներին է վերաբերում, երբ կա գույքային վնաս, և կողմերը մեղավորության վերաբերյալ ունեն համաձայնություն:
Ինչ-որ պահից սկսած՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք կցանկանան վերակնքել ԱՊՊԱ պայմանագիր, պարտավոր են ունենալ ASWA համակարգ, դրանում ներբեռնել իրենց տվյալները, որ վթարի պարագայում QR կոդի գեներացմամբ լրացնեն բոլոր տվյալները: Ըստ Էդուարդ Աղաջանյանի՝ հավելվածն ամբողջությամբ գործելու դեպքում վարորդներից կպահանջվի առավելագույնը 5 րոպե՝ տվյալները համակարգ ներբեռնելու համար:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարևորեց նախագիծը՝ ընդգծելով, որ աննշան վթարի դեպքում, երբ գույքային վնասը 50 հազար դրամ է, հաճախ մի ամբողջ փողոց է կաթվածահար լինում:
«Մեր քաղաքացիներին հորդորում եմ հենց հիմա միանգամից բեռնել այդ հավելվածը, անպայման ունենալ հեռախոսում: Իհարկե Աստվա՛ծ տա՝ ոչ մեկին պիտանի չլինի»,- ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը ևս վարորդներին կոչ արեց ներբեռնել ASWA հավելվածը, որովհետև եթե այն չկա, և տեղի է ունեցել պատահար, վարոդներից տևական ժամանակ կպահանջվի այն ներբեռնելու և տվյալներ լրացնելու համար:
Պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից ավելի թարմ, որակյալ հավելված կգործի: