Մենք քննարկում ենք զինծառայողներին և բանակին վերաբերող շատ կարևոր մի հարց, ու մեր ընդդիմությունն այստեղ չէ: Երկու խմբակցություններից ոչ մի հոգի այստեղ չէ: Այստեղ ներկա է միայն անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Երկու ընդդիմադիր խմբակցություններից գեթ մեկ շունչ չկա, ու սա բնավ զարմանալի չէ, որովհետև ընդդիմությանը չի հետաքրքրում զինծառայողների բնակարանային ապահովման հարցը, չի հետաքրքրում մեր բանակի հարցը, ու առհասարակ չի մտահոգում մեր ժողովրդի ապրելակերպը:
Եվ սա պատահական չէ, որովհետև այս երկու խմբակցությունները ներգրավված են մի կոնգլոմերատում, որը մեր ազգին, հայ ազգին անվանում է «անասուն ազգ», իսկ իրենց հետևորդներին՝ «էշ», լավագույն դեպքում՝ «բջոտ էշ»:
Ու բնավ զարմանալի չէ, որ նման հարցերի ժամանակ մեր ընդդիմությունն այստեղ չէ: Այստեղ առավոտյան եկել են՝ պաշտպանելու մի օլիգարխի շահերը, մի թեթև պաշտպանության իմիտացիա են ստեղծել ու գնացել: Չկան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, համաձայն որի՝ նախատեսվում է ավելացնել զինծառայության մեջ գտնվող շարքային ու կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները: Վահագն Ալեքսանյանի ելույթը այս նախագծի համատեքստում էր: