Ակնկալում ենք, որ 2026 թվականի կեսերին արդեն կենսաչափական անձնագրերի համակարգն ամբողջությամբ կգործի, և մենք կկարողանանք կենսաչափական տվյալներ պարունակող, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրել ՀՀ քաղաքացիներին: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ արձագանքելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին, թե ուր է հասել կենսաչափական անձնագրերի ներդրման գործընթացը:
«Շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքներ են մեկնարկել, մեկնարկել են նաև համապատասխան soft-ային լուծումների ներդրման հետ կապված աշխատանքները: Մենք կարևորում ենք նաև պետություն-մասնավոր գործընկերության կոմպոնենտը»,- ասաց նա՝ այս համատեքստում տեղեկացնելով, որ այժմ համակարգում գործում են հնացած ծրագրային լուծումներ, ուստի դրանք պետք է թարմացվեն:
Օրենսդրական բազան, ըստ նախարարի տեղակալի, շուրջ մեկ տասնամյակ չէր փոփոխվել, ուստի նման փոփոխությունների անհրաժեշտություն կար: