Աննա Վարդապետյանը ընդունել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) ներկայացուցիչ Էրիկ Ֆոգելսբոյին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու դատախազության տոնական միջոցառումներին և միջազգային համաժողովին
Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև շուրջ երկու տարի տևած բանակցությունների արդյունքում՝ 2024 թվականի ապրիլի 5-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, իսկ նույն տարվա սեպտեմբերի 23-ին ստորագրվել է համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունը: Ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանը Եվրաջասթ կգործուղի լիազոր դատախազին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2024 թվականի մարտի 7-ին և նոյեմբերի 6-ին Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցերի շրջանակում դատախազ Աննա Վարդապետյանի՝ Եվրաջասթում ունեցած հանդիպումներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։