ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ մեկնարկել է TAP-FJA Հայաստան ծրագրի հայ-կանադական առցանց հանդիպումը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին և թմրանյութերի տարածմանը վերաբերող քրեական արդարադատության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ փորձի փոխանակումը։ Այդ մասին հայտնում են Դատական իշխանությունից:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Կանադայի դեսպան Անդրյու Թյորները, Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի միջազգային ծրագրերի տնօրեն Օլեգ Շակովը, ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը, ինչպես նաև երկու երկրի դատավորներ, փորձագետներ և ծրագրի թիմի անդամներ։
Հայկական կողմը ներկայացրել է երիտասարդների ներգրավվածությունը թմրանյութերին առնչվող հանցագործություններում, նախաքննական կալանքի և դատավճիռների կիրառման պրակտիկան, ինչպես նաև գենդերային և սոցիալական խոցելիության հարցերը։
Կանադացի դատական փորձագետները կիսվել են մասնագիտացված դատարանների ստեղծման և կիրառման իրենց փորձով, ներկայացրել են երիտասարդներին և թմրանյութերի տարածմանը վերաբերող դատական գործերի հանգուցալուծման նորարարական մոտեցումները, ինչպես նաև հասարակական իրավական կրթության կարևորությունը համակարգի թափանցիկության և հանրային վստահության բարձրացման գործում։
Տեղեկացնենք, որ TAP-FJA-ն Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի (Federal Judicial Affairs Canada, FJA) և Կանադայի կառավարության տեխնիկական աջակցության գործընկերության (Technical Assistance Partnership, TAP) համատեղ միջազգային նախաձեռնություն է, որի շրջանակում Կանադան իր դատական փորձագետների միջոցով տեխնիկական աջակցություն է տրամադրում տարբեր երկրների։