Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, կարծում ենք, հնարավոր կլինի մոտ ապագայում նոր քննարկումներ ունենալ Բաքվի հետ՝ հայտարարել է փոխարտգործնախարարը:
Վահան Կոստանյանը, անդրադառնալով վարչապետի՝ Ստամբուլ այցին, նշել է, որ այն անցել է բավականին դրական մթնոլորտում, քննարկվել են թե՛ հայ-թուրքական հարաբերությունները, թե՛ տարածաշրջանին վերաբերող հարցեր:
Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները մոտ են՝ տեղեկացրել է նախարարի տեղակալը, պարզաբանել՝ իրականությանը չի համապատասխանում, թե օրակարգի հարց է դարձել ադրբեջանցիների Հայաստան վերադարձը:
«Դա չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Վահան Կոստանյանը։
«Ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի նախագահը Խաղաղության խաչմերուկի վերաբերյալ» հարցին ի պատասխան Կոստանյանը մանրամասնել է.
«Երկու կողմերի համար էլ, թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի համար, արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում՝ երկաթուղու, հաղորդակցության այլ ուղիների վերաբերյալ, բավականին մեծ կարևորություն ունի: Գիտեք, գաղտնիք չէ, Թուրքիան ձգտում է դեպի Կենտրոնական Ասիա իր կապուղիները ավելի բարելավել: Հայաստանի համար՝ որպես դեպի ծով ելք չունեցող պետության, ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ, և վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր երեք կամ երեքուկես սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության, կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով՝ կոմունիկացիների բացման վերաբերյալ»: