ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսանդրա Լոկատելլին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականությունների մշակման կատարելագործման, ինչպես նաև միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։
Կողմերը վերահաստատել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց հանձնառությունը։
Համագործակցության հիմնական ուղղությունները ներառում են.
-
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և մատուցվող ծառայություններ,
-
օրենսդրական բարեփոխումներ,
-
աշխատաշուկայի ներառականության քաղաքականություններ,
-
անկախ կյանքի խթանում և սոցիալական երաշխիքների մեխանիզմների բարելավում և այլն։
Համագործակցությունը կիրականացվի՝
-
համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների մշակման,
-
փորձի փոխանակման ծրագրերի,
-
հանդիպումների, համաժողովների, հետազոտությունների, ոլորտային քննարկումների կազմակերպման միջոցով։
Կողմերը փաստաթղթի ստորագրումը երկու երկրների համար որակել են որպես կարևոր քայլ՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և հավասար հնարավորություններով ապահովման ճանապարհին։