Ձևավորվում է «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» հիմնադրամը:
«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հրավիրում է մշակույթի և արվեստի բնագավառների գործիչների, հռետորության և ճարտասանության մասնագետների և շահագրգիռ այլ անձանց մասնակցելու «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության հանձնաժողովի» աշխատանքներին:
Հանձնաժողովի նպատակներն են.
- Փոխադարձ հարգանքի վրա հիմնված հաղորդակցության և հանրային խոսքի մշակույթի հաստատումը, հանրային միջավայրի լիցքաթափումն ու իրար հետ խոսելու, իրար համբերատար լսելու կարողության զարգացումը:
- Հանրային ապակառուցողական միֆերի և արատավոր վարքի մոդելների վերարտադրության խաթարումը, կրթության, աշխատանքում արդյունավետության և մրցունակության մոդելներով դրանց փոխարինումը։
- Այն գիտակցության արմատավորումը, որ բարեկրթությունը և համամարդկային արժեքների վրա հենված գիտակցությունը աշխատանքային և այլ հանրային միջավայրերում ընկալվելու և գնահատվելու, մրցունակ լինելու պայման և գրավական են, որ բարեկրթությունը շարունակաբար բարելավելի գիտելիք և հմտություն է։
- Ներդաշնակ և ներառական համակեցության հիմնարար սկզբունքների արմատավորումը։
«Հանձնաժողովն աշխատանքը կատարելու է աշխատանքային քննարկումների և նիստերի ձևով, այդ թվում՝ հեռավար։ Հանձնաժողովի աշխատանքների արդյունքներով ձևավորված բովանդակությունը ներկայացվելու է կենտրոնական կոմիտեին՝ դրա հետագա հանրայնացումը կազմակերպելու համար։
Եթե կիսում եք մեր Ռազմավարության գաղափարները, խնդիրներն ու նպատակները և պատրաստ եք մասնակցել «Կրթվելը նորաձև է» շարժմանը՝ որպես «Արդյունավետ հաղորդակցման հմտությունների հանրայնացման և բարեկրթության» հանձնաժողովի անդամ, խնդրում ենք գրել մեզ
[email protected] էլ. հասցեով՝ ուղարկելով ձեր ինքնակենսագրականն ու շատ կարճ մոտիվացիոն նամակը (մինչև 250 բառ)»,- ասված է հաղորդագրության մեջ։