Չեմ տեսնում որևէ պատճառ Հայաստանի ուկրաինացման համար: Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերն է: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ում հաճախ զուգահեռներ են տանում Հայաստանի ուկրաինացման հետ:
«Հայաստանը ռուսաց լեզուն, ռուսական մշակույթն անօրինական չի հռչակում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին և նրանց, ովքեր պարզապես ուզում եմ ռուսերեն խոսել: Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենը՝ ի տարբերություն Ուկրաինայի: Այդ օրենքների ցանկը մենք փոխանցեցինք մեր ընկերներին:
Որևէ տեղ, որևէ երկրում որևէ լեզվի արգելք չկա (խոսքը ոչ պետական լեզվի մասին է), եթե այդ լեզվով խոսողները քո երկրի բնակիչներն են:
Մենք պարզեցինք, որ Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը: Ի միջի այլոց, Ադրբեջանում, այդ թվում՝ Ղարաբաղում, Սահմանադրությամբ արգելված չէ հայոց լեզուն, իսկ Ուկրաինայում ռուսերենը արգելված է: Իսրայելում արաբերենը արգելված չէ: Արաբական երկրներում եբրայերենն արգելված չէ: Ուկրաինան բացառիկ պետություն է այդ առումով»,- ասաց Լավրովը և հավելեց՝ ինչ ուկրաինացման մասին է խոսքը, Հայաստանը քաղաքակիրթ երկիր է: