Մայիսյան կարկտի վնասները գնահատվում են, հաշվարկների ամբողջացումից հետո պետությունն աջակցության բազմակոմպոնենտ փաթեթ կներկայացնի:
Զուգահեռաբար քննարկվում է, թե սկզբունքորեն ինչ մեթոդներով կարելի է պայքարել բնական այս աղետի դեմ:
Կարկտի դեմ պայքարի երկու հիմնական միջոց է առանձնացվում: Առաջինը կարկտապաշտպան ցանցերն են:
Պետությունն աջակցում է ցանցեր անցկացնող գյուղատնտեսներին՝ կարկտավտանգ համայնքներում իր վրա վերցնելով ծախսի 75, մյուս բնակավայրերում՝ 50 տոկոսը:
Շատ այգետերեր, սակայն, դեռ երկմտանքի առջև են, նշում են, որ ավանդական այգիները անհամատեղելի են ցանցերի հետ, դրանք արդյունավետ են ինտենսիվ այգիներում:
Երկրորդ մեթոդն ապահովագրությունն է, որը մի պահ մեր երկրում լավ տարածված էր, սակայն վերաապահովագրող ընկերությունը, համարելով, որ ծրագիրն արդյունավետ չէ, հեռացել է Հայաստանից:
Այդ դերը ժամանակավորապես ստանձնել է պետությունը: Այս պահին ծրագրի բարելավման աշխատանքներ են տարվում: Ոլորտային գերատեսչությունը հավաստիացնում է, որ ամենաուշը հաջորդ տարի արդեն ծրագիրն ամբողջությամբ կաշխատի: