«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը հանդիպել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արման Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտի» փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, դեպարտամենտի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցները։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Քննարկվել են ճանապարհների ընթացիկ սպասարկմանն առնչվող հարցեր։ Հիմնադրամի գործադիր տնօրենը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող Կառավարության N 1419-Ն որոշման կետերին։ Հատուկ ընդգծվել է, որ պետք է արվի հնարավորը ճանապարհների սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ, և այդ աշխատանքները պետք է լինեն շարունակական ու տեսանելի։
Սպասարկող կազմակերպությունների ղեկավարները ներկայացրել են նաև իրենց խնդիրները, որոնց շուրջ ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։