Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի համեմատությամբ աճել է 4,4 տոկոսով, դոլարով արտահայտված՝ նույն ժամանակահատվածում պետական պարտքն աճել է 5,8 տոկոսով։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի արդյունքներով պետական պարտքը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ նվազել է 0,1 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց՝ հատկանշական է, որ ըստ ներգրավված արժույթի ու ըստ ռեզիդենտության՝ ներքին պարտքի ծավալը վերջին տարիներին աճել է՝ հասնելով 50 տոկոսի, ինչը դրական ցուցանիշ է:
«Վերջին շրջանում մեր տիպի երկրների, գործընկերների հետ շփվելիս, երբ խոսում էինք պարտքի և ներքին շուկայի մեծության մասին, գործընկերները խնդրում էին՝ մեր փորձով կիսվենք և ցույց տանք, թե ինչպես ենք կարողացել մեր ներքին պարտքն այդքանով ավելացնել, որովհետև մեր կարգի երկրներում ներքին պարտքը կազմում էր 20-30 տոկոս, և մեզ մոտ էլ է նույն մակարդակը: Վերջին տարիներին մեզ հաջողվել է այս մասնաբաժինը մեծացնել, որը որոշակիորեն մեղմացնում է արտարժութային ռիսկերը»,- ասաց նա։