Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի:
«Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով:
Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը դրական է արձագանքել։
Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը»,- նշված է հիմնավորման մեջ:
Նշենք, որ նախագիծը մշակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: