ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հետ զրույցը՝ այն անվանելով «շատ լավ և արդյունավետ»:
«Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ իմ այսօրվա հեռախոսազրույցը շատ լավ և արդյունավետ էր։ Մենք պայմանավորվել ենք անհապաղ հրադադար հաստատել էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում՝ հասկանալով, որ մենք արագ կաշխատենք, որպեսզի հասնենք լիակատար հրադադարի և, ի վերջո, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմի ավարտին», — գրել է նա։
Թրամփը հավելել է, որ քննարկվել են խաղաղության համաձայնագրի «շատ տարրեր», «ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են զոհվում, և երկուսն էլ՝ Պուտինը և Զելենսկին, կցանկանային, որ դա ավարտվեր»:
«Այս գործընթացն այժմ ընթանում է ամբողջ ուժով, և հուսով եմ, որ հանուն մարդկության մենք կկատարենք այդ աշխատանքը»,- ասվում է Թրամփի գրառման մեջ:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ-ն Ուկրաինային կփոխանցի ծանր վիրավոր 23 ուկրաինացի զինվորականի։ Պուտինը համաձայնել է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից 30 օրով փոխադարձ հրաժարվելու գաղափարին:
Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ Ուկրաինայում խաղաղության շարժումը կսկսվի էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հրադադարից, ինչպես նաև Սև ծովում կրակի դադարեցման, լիակատար հրադադարի և մշտական խաղաղության մասին տեխնիկական բանակցություններից։
Սպիտակ տնից հայտնել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տևել է շուրջ 2.5 ժամ: