Մեր պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, բայց նաև եվրադիտորդներն են նույն հայտարարությունն արել, որ կրակոցներ չեն եղել: Ենթադրում եմ, որ դա Ալիևի զրո վստահության ապացույցն է՝ իրենց հանրության մեջ Ալիևի խոսքերն ավելի պնդացնելու և ցուցադրելու, որ նախագահն ասում է՝ ուրեմն մի բան կա: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հայտարարություններին:
«Հարձակման հետ կապված նրանք մշտապես այդ աշխատելաոճը կիրառել են. սկզբից հայտարարում են, որ հարձակվում են հայերը, կրակում, և իրենք ստիպված են պատասխան տալու. դա նրանց մշտական ոճն է: Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան: Նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է, և ակնհայտ է ԵՄ դիտորդների գնահատականը: Աշխարհը հո Ադրբեջանի Տելեգրամ ալիքների վրա հիմնվելով չի կազմում կարծիք: Իրենք իրենց տեղեկություններն ունեն, արբանյակներն ունեն, Ադրբեջանում իրենց աղբյուրներն ունեն, և, կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի»,- արձագանքելով նման հայտարարություններով ռազմական գործողություններ սկսելու հնարավորությանը՝ ասաց Ալեն Սիմոնյանը: