Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։ Ռումինիան ներկայացնող եվրապատգամավոր Վասիլե Դինչուն հայտարարել է, որ Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալների վիճակը մեծ հարցականի տակ է դնում արդարությունը, կայունությունը և խաղաղությունը Կովկասում։
«Երբ խոսքը վերաբերում է Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, Եվրախորհրդարանը երբեք չի շեղվել իր սկզբունքներից: Այն միշտ աջակցել է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք մի քանի բանաձև ենք ունեցել անցյալ տարվա մարտին և հոկտեմբերին»,- նշել է նա։
Դինչուն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ նրանց, ովքեր ներգրավված են «այդ դատական չարաշահումներում»։
«Պետք է խստորեն պատժենք այդ պաշտոնյաներին և չխրախուսենք հետագա չարաշահումները: Հեռանկարները հեռու են դրական լինելուց։ Մենք պետք է գործենք հիմա և կոնկրետ միջոցներ ձեռնարկենք ապագա ողբերգությունը կանխելու համար»,- շեշտել է եվրապատգամավորը։
Նրա խոսքով՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակումը կարող է լինել փոխադարձ վստահության և համագործակցության վրա հիմնված ապագա կառուցելու ավելի լայն ջանքերի մասը: