Միացյալ Նահանգները համաձայն է Գրենլանդիան ընդունել իր կազմում, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի առաջ։
«Մենք վճռականորեն աջակցում ենք սեփական ապագան որոշելու ձեր իրավունքին: Եթե մեզ ընտրեք, կողջունենք ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- դիմել է Թրամփը Դանիային պատկանող կղզու բնակիչներին:
Միաժամանակ նա չի բացառել, որ ԱՄՆ-ն «այսպես թե այնպես» «կստանա» Գրենլանդիան։ «Մենք մտադիր ենք այն ստանալ: Դուք անվտանգ կլինեք, մենք ձեզ կհարստացնենք ու միասին Գրենլանդիան կհասցնենք աննախադեպ բարձունքների»,- հավելել է նա:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայից՝ հօգուտ ԱՄՆ-ի: Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է ամերիկյան ազգային շահերը պաշտպանելու համար։ Թրամփը հրապարակավ չի հրաժարվել կղզին ամերիկյան վերահսկողության տակ անցնելու համար ռազմական ուժ օգտագործելու հնարավորությունից։
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, որ Գրենլանդիայի բնակչության մեծ մասը չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների կազմում։ Դանիայի իշխանությունները նույնպես կտրականապես դեմ են արտահայտվել կղզու փոխանցմանը։