Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը վեց ամսվա ընթացքում երկրորդ անգամ հրաժարական է ներկայացրել, հայտնում է Fars-ը։
Արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարն X-ի էջում իր հեռանալը բացատրել է բազմաթիվ սպառնալիքներով, զրպարտություններով և ապատեղեկատվությամբ։
Զարիֆը հրաժարական է տվել էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Աբդոլնասեր Հեմաթիի իմփիչմենթի ենթարկվելուց հետո և հայտնել է, որ այդ քայլին է դիմել դատական իշխանության ղեկավարի խորհրդով՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի վարչակազմի վրա ճնշումը որոշ չափով թուլացնելու համար:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ է նշանակվել 2024-ի օգոստոսի սկզբին։ Նշանակումից օրեր անց նա հայտարարել էր իր հրաժարականի մասին, սակայն նախագահն այն չէր ստորագրել։ Ենթադրվում էր, որ Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող էին լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կազմի հետ։
Փոխնախագահի պաշտոնում նշանակվելուց հետո Զարիֆը հայտնվել է մի խումբ օրենսդիրների քննադատության թիրախում։ Նրանք պնդել են, որ Զարիֆի նշանակումն անօրինական է, քանի որ նրա երեխաներից մեկը ԱՄՆ քաղաքացի է:
Իրանի օրենսդրության համաձայն՝ այն անձինք, որոնք կամ որոնց ընտանիքի անմիջական անդամներն ունեն օտարերկրյա քաղաքացիություն, Իրանի կառավարությունում չեն կարող կարևոր պաշտոններ զբաղեցնել: