Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, որը ժամանել է Կիև, հանդիպել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Այս մասին չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Քելոգը բանակցություններ է վարել հետախուզության և հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
«Մեզ համար կարևոր է, որ Քիթ Քելոգը ստանա ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում ռազմաճակատում, մեր ազգի տոկունության և ոգու մասին, որոնք մնացել են անփոփոխ այս տարիների ընթացքում: Կարևոր են ռազմական հրամանատարության և դաշտային հրամանատարների ճեպազրույցները մարտի դաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- գրել է Երմակը Telegram-ալիքում:
Զելենսկու և Քիթ Քելոգի հանդիպումը նախատեսված է փետրվարի 20-ին։ «Մեզ համար շատ կարևոր է, որ հանդիպումը և ընդհանրապես Ամերիկայի հետ աշխատանքը կառուցողական լինի։ Խաղաղությունը կարող է ավելի հուսալի լինել Ամերիկայի և Եվրոպայի հետ, և դա է մեր նպատակը»,- նշել է Ուկրաինայի առաջնորդը։
Քիթ Քելոգը Կիև է ժամանել փետրվարի 19-ի առավոտյան։ Суспільне հեռուստաալիքի լրագրողներին տված մեկնաբանությունում նա ասել է, որ իր այցը «լավ հնարավորություն է պոտենցիալ բանակցություններ վարելու համար»։ Ենթադրվում է, որ Թրամփի հատուկ բանագնացի այցը կտևի մինչև փետրվարի 21-ը։