Ի՞նչ է տեղի ունեցել 2022-2023 թվականներին ԼՂ-ում: Եղել է երկու տեսլական. մեկը՝ Հայաստանի իշխանությունների տեսլականը, որ պետք է ԼՂ-ն ինքը բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության թեմաներով: Եվ եղել է Հայաստանի ընդդիմության տեսլականը, որ պետք է ամեն ինչ անել, որ ԼՂ-ն և Հայաստանը ենթարկեցնեն այլ պետությանը, Հայաստանը կորցնի իր սուվերենությունը, դրա համար, այդ թվում՝ ԼՂ-ում, պետք է անել իշխանափոխություն: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների քննադատություններին՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների տեսլականին՝ Ռուբինյանն ասաց. «Երբ ԼՂ-ում հայ կար, մենք ուզում էինք՝ այդ հայերը շարունակեն այդտեղ մնալ: Երբ մենք հասկանում էինք, որ այդ ճանապարհը չի աշխատում, փորձում էինք այս ճանապարհն ընտրել: Եթե դա նշանակում էր նշաձողի իջեցում, պետք էր գնալ նշաձողի իջեցման:
Դուք ամբողջ ճանապարհին պաթոսային հայտարարություններով ու ընդհանարպես ձեր «004 շրջաբերականով» ու Արցախում իշխանություն փոխելու, հետո էլ Հայաստանում իշխանություն փոխելու անհագուրդ ցանկությամբ բերեցիք նրան, ինչ ունենք: Իսկ ԼՂ-ում մենք ունենք զրո հայ»,- ասաց նա: