ԼՂ-ից տեղահանվածների համար նախատեսված բնակարանաշինության ծրագրին դիմողների հայտերի մերժման հիմնական հիմքը բռնի տեղահանվածների ցուցակում չլինելն է, որը վարում է ՆԳՆ-ն: Ամենաշատ դեպքերը դրանց են վերաբերում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե կա՞ թվային պատկեր՝ քանի դիմումն է հաստատվել:
«Այլ դեպք կարող է լինել, որ ընտանիքը ոչ բոլոր անդամներով է դիմել: Ընտանիքը համարվում է կին, ամուսին և նրանց համատեղ երեխաները: Կարող է լինել, որ մի երեխան ուղղակի ընդգրկված չլինի, կամ [ընտանիքի] ոչ բոլոր անդամներն են քաղաքացիության ստացման պահանջը կատարել»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց՝ բողոքներ կան, որ ծրագիրը չի տալիս դիմողների հայտերի մերժման պատճառը, և առաջարկեց ծանուցմամբ տեղեկացնել, թե որն է հայտը մերժելու հիմքը: Նախարարի տեղակալը նշեց, որ կարող ենք նման փոփոխություն անել:
«Երեկվա դրությամբ մոտ 600 հաստատված դիմում կա, և լրացված հավաստագրերը մի քանի տասնյակ են արդեն: Այսինքն՝ կան մարդիկ, որ արդեն տնավորվել են»,- ասաց նախարարի տեղակալը:
Դավիթ Խաչատրյանը նաև նշեց, որ այսօր քննարկվելու է բարեփոխումների նոր փաթեթ, որը կներկայացվի Կառավարության առաջիկա նիստին: