«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին բարձրաձայնեց մեքենաների պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի մասին:
Պատգամավորը հիշեց՝ ժամանակին շատ տարածված էին հայկական պետհամարանիշների գողության դեպքերը, բայց օրենսդրական փոփոխությամբ հարցը լուծվեց, գողությունները դադարեցին, երբ որոշվեց, որ ցածր գներով քաղաքացին կարող է նոր պետհամարանիշ ստանալ:
«Հիմա նոր վերելք է ապրում օտար պետհամարանիշների զանգվածային գողությունը, մասնավորապես՝ վրացական պետհամարանիշների»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այժմ այս խնդրին են պարբերաբար բախվում ջավախահայերը, երբ մի քանի օրով այցելում են Հայաստան իրենց գործերով: Նրանց պետհամարանիշները գողանում են, ապա տելեգրամյան ալիքով գողերը կապվում են նրանց հետ, և բացահայտումը գրեթե անհնարին է դառնում:
«Իմ կարծիքով՝ խնդրի լուծումը մեծ թաղերի, բակերի տեսանկարահանումը և ավտոկանգառների տեսանկարահանման ապահովումն է: Ո՞րն է մեխանիզմը՝ կդժվարանամ ասել. դա համայնքային իշխանությունները պետք է կազմակերպեն, ոստիկանությունը պետք է կազմակերպի, չգիտեմ, բայց հարցը պետք է լուծվի: Մարդը գալիս է Հայաստան, պետհամարանիշը գողանում են, պիտի երկար մնա այստեղ լուծում ստանալու համար»,- ասաց նա՝ հրավիրելով ՆԳՆ ուշադրությունը: