Միասնական տոմսային համակարգը հունի մեջ է ընկնում մայրաքաղաքում: Տոմսերի գնից դժգոհությունները զիջել են վալիդատորների վատ աշխատանքի, բանկային քարտից անսպասելի գանձումների ու կանգառներում երկար սպասելու մասին բողոքներին: Թեև դեռ հատուկենտ բողոքի ակցիաներ կան՝ ընդդիմության ուղղորդ-մամբ ավտոբուսներում չվճարելու կամ 100 դրամ վճարելու կոչերով, բայց ըստ քաղաքային իշխանության գնահատականների՝ բոյկոտը տապալվել է:
Իսկ ինչպե՞ս է արձագանքում քաղաքային իշխանությունը 150 դրամը պատրաստակամ վճարող, բայց նորմալ պայմաններ պահանջող ուղևորներին: Ե՞րբ է վերջապես հնարավոր լինելու 30-ից 40 րոպե չսպասել ցանկալի երթուղայինին: Երևանի փոխքաղաքապետն ընդունում է այս հարցում քաղաքացիների դժգոհությունը, նշում՝ 171 նոր ավտոբուսների ներկրմամբ խնդիրը մեղմվել է, բայց լուծում կստանա 250 նոր 18 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելով: Իսկ դրա համար միջոցներ են անհրաժեշտ:
Փոխքաղաքապետի խոսքով՝ հիմա կարևոր քայլերից մեկը ի հայտ եկող տեխնիկական խնդիրների հաղթահարումն ու հանրության իրազեկվածության բարձրացումն է: Քրիստինե Թորոսյանն է շաբաթվա ընթացքում շրջել երթուղայիններով, լսել մարդկանց բողոքները, դրանք հասցրել պատասխանատուներին:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան