Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կիրականացվեն: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 10-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Նախարարը հիշեցրեց՝ կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին, և վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ ԿԳՄՍՆ-ն հանգել է այն եզրակացության, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար:
«Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով, և այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, օրինակ, առաջադրանքները լուծելու, այնուհետև այդ առաջադրանքների պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, և այստեղ նաև չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները, որոնք գրանցվում էին: Նաև սա ևս մեկ միջոց կլինի՝ խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասաց նա:
Որոշման նոր նախագծով հստակեցվել են նաև բողոքարկման ընթացակարգերը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման: Այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է, շուրջ 6000 ուսուցիչ է դիմել՝ թե՛ ուսուցիչներ, թե՛ մանկավարժի որակավորմանը համապատասխանող չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո աշխատանքի կանցնեն դպրոցներում:
«Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կիրականացնենք նոյեմբերին՝ նոյեմբերի 9-ից մեկնարկելով գործընթացը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այսուհետ թղթային տարբերակով ատեստավորում չի՞ լինելու, նախարարը պատասխանեց. «Պալանավորում ենք ամբողջ հանրապետությունում 35 քննական կենտրոն [ունենալ], որոնք և՛ Երևանում են, և՛ մարզերում: Քանի որ սա առաջին տարին է, կարգում անհնարինության դեպքում թղթային տարբերակը չենք բացառել, սակայն նաև այս տարվա աշխատանքից հետո կհասկանանք՝ ինչքանով է անհրաժեշտ թղթային տարբերակը զուգահեռ պահել»: