Սեպտեմբերի 9-ին վերջին հրաժեշտն են տվել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Հայրապետ Ստեփանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին ցավակցելու էին եկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալները, ծառայության պետերը, ծառայակից գործընկերները, ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատակիցներ։
Կապիտան Հայրապետ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Հայրապետ Ստեփանյանի անունը հավերժ կմնա ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մյուս գործընկերների անունների կողքին։
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ոստիկանությունից հայտնել էին, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։
Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ ոստիկանության մեկ ծառայողի սպանության, մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե: