ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի 19-ամյա բնակչի կողմից նույն մարզի 37-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք-Փոքր Մասրիկ միջգյուղական ճանապարհին՝ Փոքր Մասրիկ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 41- և 37-ամյա եղբայրների և նույն մարզի 45-ամյա բնակչի ու վերջինիս 19-ամյա որդու միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Վիճաբանության ընթացքում 41-ամյա տղամարդը եղբոր հետ հարվածներ է հասցրել 45-ամյա տղամարդու և նրա որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ վերջինս, հիշյալ եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրանցից մեկի՝ 37-ամյա տղամարդու կրծքավանդակի և որովայնի ձախ հատվածին, ինչպես նաև նրա եղբոր որովայնի հատվածին։ Արդյունքում 37-ամյա տղամարդը մահացել է, իսկ նրա եղբորը պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 19-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 41-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (2 դրվագով): 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 41-ամյա տղամարդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: