Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանության է արժանացրել օրենքը, որը վերացնում է կանանց քվոտաները կուսակցական ցուցակներում խորհրդարանի ընտրության ժամանակ։
Ընտրական օրենսգրքի փոփոխություններին կողմ է քվեարկել 85, դեմ՝ 22 պատգամավոր։
Օրենսդրական փոփոխության նախաձեռնողը ընդդիմադիր «Գիրչի» քաղաքական խումբն է։ Ըստ Ընտրական օրենսգրքի գործող հոդվածի՝ խորհրդարանի ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի կուսակցական ցուցակներում պատգամավորի թեկնածուների յուրաքանչյուր քառյակում պետք է լինի առնվազն մեկ կին:
Նախաձեռնողների կարծիքով՝ Վրաստանում կանայք քաղաքական կարիերայում ոչ մի խոչընդոտ չեն ունենում, և նրանց հատուկ քվոտա պետք չէ: Իսկ օրենսդրության մեջ քվոտայի առկայությունը խոսում է այն մասին, որ երկրում, իբր, ճնշում են կանանց։
Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի նախաձեռնությանը։