Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ը կարևորում է հրադադարի պահպանումը, հետագա ռազմական գործողությունների բացառումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը:
Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակիչները պետք է կարողանան ապրել իրենց տներում՝ խաղաղ և արժանապատիվ պայմաններում, նրանց իրավունքները և անվտանգությունը պետք է հարգվեն: Հեռանալ կամ վերադառնալ ցանկացողների համար պետք է անվտանգ անցում ապահովվի, գործընթացը պետք է վերահսկի չեզոք, անկախ երրորդ կողմը: Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար: Դա վերաբերում է նաև նրանց, ովքեր կասկածվում են ռազմական գործողությունների մասնակցելու մեջ:
Միլլերը հավելել է՝ Վաշինգտոնի համոզմամբ՝ միջազգային առաքելություն է հարկավոր, որը կգործի թափանցիկ, կհետևի՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը պաշտպանվո՞ւմ են, ինչպես հրապարակավ հայտարարում է Ադրբեջանը: Նրա խոսքով՝ նման նախաձեռնության շուրջ ակտիվ քննարկումներ են տարվում, Վաշինգտոնն այդ ուղղությամբ աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև ողջունել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը: «Կարծում ենք՝ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո հարթեն երկու երկրի միջև առկա տարաձայնությունները»,- նշել է Միլլերը։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների և անձամբ Էնթոնի Բլինքենի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին՝ նկատելով, որ պետքարտուղարը կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ:
Միլլերն անդրադարձել է Սամանթա Փաուերի և Յուրի Քիմի՝ Հայաստան կատարած այցին:
Մեթյու Միլլեր - Նրանք այնտեղ են՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և, իհարկե, օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղում վերջին բռնության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։
Մեթյու Միլլերն անդրադարձել է նաև երեկ Նախիջևանում Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, և Հայաստանի տարածքով երկու երկրի միջև միջանցքի ստեղծման վերաբերյալ Անկարայից և Բաքվից հնչող հայտարարություններին:
Մեթյու Միլլեր - Մենք այս հարցով շփումներ ենք ունեցել Թուրքիայի կառավարության հետ: Պետքարտուղար Բլինքենը դա քննարկել է իր թուրք գործընկերոջ հետ Նյու Յորքում։ Հուսով ենք՝ մեր դաշնակիցներն ու գործընկերները, այդ թվում՝ Թուրքիան, կառուցողական դեր կխաղան տևական համաձայնության հասնելու գործում։
Պետքարտուղարության խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը ցույց է տվել, որ անվտանգային հարցերում այնպիսի գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել: Մեկնաբանելով վերջին օրերին Հայաստանի կառավարության դեմ հնչող հայտարարությունները՝ Միլլերը շեշտել է՝ Վաշինգտոնը միշտ դատապարտում է պետական պաշտոնյաների հասցեին սպառնալիքները կամ օրինական ընտրված իշխանություններին տապալելու փորձերը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում