Վստահում եմ ՀՀ ժողովրդին, վստահում եմ երևանցիներին, ես վստահում են այն գիտակցությանը, որը մեր ժողովուրդն ունի, որովհետև վերջին 5 տարիների ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել, սունկի պես աճել են լրատվամիջոցները, և այդ լրատվամիջոցների միակ նպատակը եղել է հայաստանյան իշխանություններին վարկաբեկելը: Այդ մասին ավագանու ընտրություններում իր պարտքը կատարելուց հետո ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեզ հաճախ փնովում են, ասում են՝ ինչո՞ւ չեք կարողանում ձեր աշխատանքն ավելի ճիշտ, ավելի շատ ներկայացնել: Նման քննադատությունը ես ընդունում եմ, որովհետև իրոք դժվար է, երբ լրատվական դաշտի 90 տոկոսը այս կամ այն քաղաքական ուժին է հարում, այլ ոչ թե իշխող կուսակցությանը, իշխող ուժին: Դժվար է, իրոք դժվար է, բայց մեր ժողովուրդը, կարծում եմ, ճիշտ ընտրությունը կատարել է և կատարելու է»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե ընտրությունների շրջանակում կան վարչական ռեսուրսի օգտագործման, ինչպես նաև քաղաքացիներին ուղղորդելու մասին ահազանգեր, Ալել Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք՝ աբսուրդն ինչն է. որ ձեր ասածը և ազատ-անկախ ընտրությունները մեկը մյուսին բացառում են: Այսինքն՝ եթե դուք խոսում եք դրա մասին, և միջազգային հանրությունը, միջազգային դիտորդները, հայաստանյան դիտորդները արձանագրում են ազատ-անկախ ընտրություններ, ապա ձեր ասածները ուղղակի մանիպուլյացիաներ են»:
Ալեն Սիմոնյանը նաև նկատեց, որ եթե մարդուն հորդորում են գալ, դա որևիցե ձևով չի կարող ազդել ընտրությունների վրա, քանի որ ընտրատեղամասերում կատարում է իր ընտրությունը: