Էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցություններում միջազգային մեխանիզմի գործարկման մասով տեղաշարժի վերաբերյալ հարցին:
«Ես գիտեմ, որ նաև միջազգային գործընկերները շատ ինտենսիվ աշխատում են այդ թեմաների վրա: Եվ նաև դա է պատճառը, որ ես կարծում եմ և էլի շարունակում եմ հորդորել Ստեփանակերտի մեր գործընկերներին և նաև հույս ունենալ, որ նրանք կներգրավվեն այդ երկխոսության մեջ: Իհարկե, հորդորը ուղղված է նաև Բաքվին, որովհետև հասկանում ենք, որ եթե կողմերից մեկը չցանկանա, այդ երկխոսությունը տեղի չի ունենա:
Եվ, ցավոք, այնպես չէ, որ մենք տեսնում ենք, որ, օրինակ, Բաքվի կողմից այդ ցանկությունը լիարժեք արտահայտվում է: Գիտե՞ք՝ պաշտոնական մակարդակում արտահայտվում է, բայց, օրինակ, երբ մի քանի անգամ նախանշված հանդիպումները տեղի չեն ունեցել, և ես փորձել եմ հասկանալ, այդ թվում՝ մեղադրանքները՝ Ստեփանակերտին ուղղված, որ նրա՛նք են ձախողել, նրա՛նք են տապալել հանդիպումը, և փորձել եմ գործնականում մանրամասներով հասկանալ, տեսել եմ, որ, օրինակ, ես վստահ չեմ, որ Բաքվում, բացի հրապարակային հայտարարություններից, նաև իրական քաղաքական կամք կա՝ այդ երկխոսությունն իրականացնելու»,- ասաց նա:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Աղդամի ճանապարհի մասով, այն է՝ Լաչինի միջանցքը և Աղդամի ճանապարհը միաժամանակ բացելու բանակցություններում, Հայաստանն ընդգրկվա՞ծ է:
«Մենք ասել ենք, որ մեր բանակցությունների թեման Լաչինի միջանցքն է, որովհետև մենք ենք ստորագրել Լաչինի միջանցքը ստեղծող փաստաթղթի տակ»,- ասաց նա: