Մենք ուշադիր հետևում ենք բոլոր հայտարարություններին և մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և, ըստ անհրաժեշտության, արձագանքում ենք և կարձագանքենք: Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու շրջանակում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող միջազգային հայտարարություններին:
Այս համատեքստում ՀՀ վարչապետը պատասխանեց նաև հարցին, թե արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքականության վեկտորը:
«ՀՀ արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են: Հայաստանի Հանրապետությունը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է՝ ըստ Հայաստանի պետական շահերի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, ելնում է ՀՀ պետական շահերից»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը, լրագրողների հարցին ի պատասխան, անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի բովանդակությանը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իմ նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում՝ մեր 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում»,- ասաց նա, ապա հավելեց. «Մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակություններն իրարից շատ չեն տարբերվում: Ինչը որ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ, նույն բանն ենք ասում: Նկատի ունեմ՝ այո՛, այդ գրագրությունը գաղտնի է, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»: