Ինչ բնույթի ահազանգեր են ստացվել սեպտեմբերի 17-ին` Երևանի ավագանու ընտրության ընթացքում: «Լուրերի» հետ զրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ ժամը 20:00-ի դրությամբ բոլոր տեղամասային կենտրոնները փակվել են, այժմ ամփոփման նիստերն են, մինչև քվեարկության սկիզբը ունեցել են տեխնիկական մի քանի խնդիր, որոոնք անհապաղ լուծումներ են ստացել: Հովհաննիսյանի խոսքով` եղել է դեպք, երբ տեղամասային կենտրոններից մեկը բացվել է մի փոքր ուշացումով, բայց որևէ ընտրողի ընտրելու կամ քվեարկելու իրավունքի իրացումը չի խախտվել:
Նա ահազանգերը մի քանի մասի դասակարգեց` ծանուցումների հետ կապված, տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի կամ առանձին միջադեպերի հետ կապված, ու նաև` ընտրական գործընթացում ներգրավված, տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների (ԶԼՄ ներկայացուցիչ, վստահված անձ, դիտորդ) իրավունքների ու պարտականությունների հետ կապված:
Հովհաննիսյանը հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է, մասնավոր թեթև միջադեպեր են եղել, որոնք արագ տեղում կարգավորվել են:
Ծանուցման և տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված խնդրի վերաբերյալ ԿԸՀ փոխնախագահը նշեց, որ այդ ահազանգերը ԿԸՀ ստացվել են նաև մինչև քվեարկության օրը, սակայն եթե մինչ այդ կարող էին լիազոր, պատասխանատու մարմնի միջոցով արագ այդ հարցերը կարգավորել, այսօր արդեն փորձել են օպերատիվ` զանգահարողից ճշտել` հարցն իրե՞ն է վերաբերում, թե՞ չէ, կամ գիտի արդյոք այն ընտրողի հաշվառման հասցեն, որի համար ահազանգել է. փորձել են արագ ճշտել, միանգամից ասել և՛ կենտրոնի համարը, և՛ գտնվելու վայրը:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մատնահետքը չկարդալու կամ տեխնիկական այլ խնդիրներ ևս եղել են: Խնդիրներից մեկն էլ կապված է եղել ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց անձը հաստատող փաստաթղթերի հետ: Դրանց տեսականին բավական մեծ է, կան փաստաթղթեր, որ համապատասխան դաշտերը չունեն և ձեռքով են ներմուծում, կան նաև, որ այդ դաշտերը կն, սակայն սարքավորումները չեն ընթերցում: Ամեն դեպքում, ըստ ԿԸՀ փոխնախագահի, որևէ ընտրողի քվեարկելու իրավունքը չի սահմանափակվել. եթե անգամ չի հաջողվել տեխնիկական սարքով ընտրողին գրանցել, ապա վերջինիս քվեարկելու և ընտրելու իրավունքն ապահովվել է համարակալած կտրոնի օգնությամբ: