Քարոզարշավի վերջին օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է երթով՝ Էրեբունի թանգարանից ուղղությունը Երևանի քաղաքապետարան: Երթին մասնակցել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական թիմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Երթի ընթացքում կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, քաղաքացիներին ողջունելով, պատմել է վերջին 1 տարում արված աշխատանքի մասին, նաև ներկայացրել առաջիկա ամիսներին ու տարիներին նախատեսած ծրագրերը:
Արդեն քաղաքապետարանի մոտ երթի մասնակիցներին միացել են բազմաթիվ քաղաքացիներ: Հանրահավաքը մեկնարկել է Հայաստանի հանրապետության օրհներգով: Ելույթով հանդես են եկել կուսակցության անդամներ, ավագանու թեկնածուներ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
Քարոզարշավն ու հանրահավաքը ելույթով ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում վարչապետը ներկայացրել է 2018-ից հետո մայրաքաղաքում արված աշխատանքը, ընդգծել` Տիգրան Ավինյանի՝ փոխքաղաքապետ դառնալուց հետո Երևանում բարեփոխումների գործընթացը բազմապատիկ անգամ արագացել է՝ տրանսպորտից, քաղաքային պարեկներից մինչև աղբահանության հարցեր: