ՉԵԽԻԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ ԵՎ ԶԻՆԱՄԹԵՐՔ ԿՓՈԽԱՆՑԻ ԿԻԵՎԻՆ
Պրահայում Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին քննարկումներ է անցկացրել նաև այդ երկրի վարչապետի հետ: Պետր Ֆիալան հայտարարել է, որ Չեխիան առաջիկայում մարտական ուղղաթիռներ և զինամթերք կփոխանցի Կիևին և կշարունակի ակտիվորեն օգնել Ուկրաինային բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանականը։
«Չեխիան կօգնի նաև ուկրաինացի օդաչուների վերապատրաստման հարցում, որպեսզի նրանք կարողանան կառավարել F-16 կործանիչները»,- ասել է Ֆիալան։
Վարչապետը նաև հույս է հայտնել, որ հուլիսի 11-12 Վիլնյուսում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դաշինքի բոլոր անդամները կաջակցեն Կիևի եվրաինտեգրման մղումները: «Այդ հարցում Ուկրաինան կարող է հույսը դնել Չեխիայի քվեի վրա»,- շեշտել է Ֆիալան։
Նա հավելել է, որ իր երկիրը հետագայում կմիանա Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:
Պաշտոնյաների հանդիպման ավարտին Չեխիայի պաշտպանության նախարարության և Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
ՌԴ-Ն ՀԵՏԵՎԵԼՈՒ Է ԶԵԼԵՆՍԿԻ-ԷՐԴՈՂԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է լուրերն այն մասին, որ այսօր Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Ստամբուլ և քննարկումներ է անցկացնելու Ռեջեփ Էրդողանի հետ, ինչից հետո Թուրքիայի նախագահը կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարը։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ «Կրեմլը ուշադիր հետևելու է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների բանակցությունների արդյունքներին: Մենք պահպանում ենք կառուցողական, գործընկերային հարաբերություններն Անկարայի հետ։ Բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները և նույնը զգում ենք թուրքական կողմից»։
Նա հավելել է՝ անձամբ Վլադիմիր Պուտինն էլ միշտ բարձր է գնահատել ուկրաինական ճգնաժամը լուծելու հարցում Էրդողանի ջանքերը, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկար Կրեմլը դեռևս չի տեսնում:
«Իսկ ինչ վերաբերում է Պուտին-Էրդողան առաջիկա շփումներին, նման հեռանկարը չենք բացառում։ Նրանք հաճախ են շփվում: Բազմիցս քննարկվել է նաև դեմ առ դեմ հանդիպման հնարավորությունը»,- նշել է Պեսկովը։
ՌԴ ԶՈՒ-Ն ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԼՎՈՎԻՆ
Ուկրաինայում պատերազմի 498-րդ օրն է: Կիևը հայտնել է, որ ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովին: Հայտնի է 10 զոհի մասին, կան տասնյակ տուժածներ, այդ թվում՝ երեք երեխա։ Լվովի քաղաքապետը հայտարարել է, որ սա Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Լվովի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա ամենախոշոր հարձակումներից մեկն է։
Դնեպրում խաղաղ բնակչության շրջանում ևս կան զոհեր: Տարածաշրջանը թիրախավորվել է անօդաչու թռչող սարքերով:
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հունգարիան աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, երկրի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը հավելել է՝ այդ հարցով մշտական կապի մեջ են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։
Հատկանշական է, որ Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոչընդոտում են միայն Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Հունագրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը կփոխի իր մոտեցումը, եթե Անկարան Ստոկհոլմի համար կանաչ լույս վառի: Սակայն Թուրքիան առայժմ չի հաստատել Դաշինքին անդամակցության Ստոկհոլմի հայտը: