Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման այս տարվա ծրագիրը: Մեկամսյա վերապատրաստումները 7 խմբի համար են՝ ուսուցում մանկապարտեզում, մեկօրյա դպրոցում, տարրական ուսուցում, հայոց լեզվի և գրականության դասավանդում, հայոց պատմություն և մշակույթի պատմություն, պարարվեստի և տնօրենների վերապատրաստում: Ամենամյա դասընթացն ավելի քան 20 տարվա պատմություն ունի, բայց առաջին անգամ է ամբողջական ծրագիրն առկա ձևաչափով:
Կարեն Մնացականյան (ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության սփյուռքի կապերի բաժնի պետ) - Մենք ոչ միայն ըստ մասնագիտությունների դասընթացներ ենք իրականացնում, այլև կան ընդհանուր դասընթացներ, որոնք հիմնականում արտագնա դասընթացների հիման վրա են լինում: Գնում են թանգարաններ, համերգային ծրագրեր, քաղաքից դուրս՝ ճարտարապետությանը, մշակույթին և առհասարակ Հայաստանին, նաև հայաստանագնացության կամ հայաստանաիմացության պես մի գործընթաց ենք իրականացնում:
Ըստ կազմակերպիչների՝ չնայած հետաքրքրությունը մեծ էր, և մասնակցելու հայտ էր ուղարկել ավելի քան 170 հոգի, ընտրվել է 60 մասնակից՝ 18 երկրից: Հաշվի է առնվել աշխատանքային փորձն ու այս ծրագրով Հայաստանում երբևէ վերապատրաստված չլինելը: Դասընթացներին հաճույքով են գալիս, առաջին տպավորությունները մասնակից ուսուցիչներն ու տնօրեններն են ներկայացնում.
Հերմիոնի Հակոբյան (Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (ԱՄՆ)) - Ինչպես համացանցի մեջ փնտրել, և պրպտել և գտնել մեր ուզած նյութը, ձևավորումները, որ շատ դյուրին ձևով կլինի։ Երկրորդը տիկին Արնաությանի դասընթացը, մեթոդաբանությունը՝ ինչպես կարող է ուսուցիչը դասը կազմել և աշակերտներին տալ։
Արտակ Ժամհարյան (Բելգիայի «Նարեկ» հայկական դպրոցի տնօրեն) - Փորձի փոխանակում է լինում, այսինքն` հավաքված ուսուցիչները տարբեր դպրոցներ, իրենց մեթոդաբանության ինչ-որ տարր են ներկայացնում, և կարողանում ենք շփվել, լսել հայաստանյան մասնագետներին, որոնք աշխատանքային փորձ ունեն, կարողանում են կիսվել:
Չնայած ծրագրի դասավանդողների մեծամասնությունը Հայաստանից է, բայց Սփյուռքի համայնքներից ներկայացուցիչներ նույնպես կան: Արմինե Մարտիրոսյանը Մոսկվայից է Երևան եկել, արդեն հասցրել է առաջին դասն անցկացնել, ասում է՝ շատ ոգևորված են ու մեծ սպասումներ ունեն, վստահ է՝ նոր գիտելիքներով են իրենց դպրոցներ վերադառնալու:
Արմինե Մարտիրոսյան (Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն) - Ներկայացրել եմ հիմնական ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը, հայերենի դասավանդման հիմնական առանձնահատկությունները, իմ հեղինակային մեթոդիկան, նաև, թե ինչ ուղիներով կարելի է հասնել հաջողության տնօրենների՝ դպրոցներում կառավարման հայոց լեզվի և ընդհանրապես մշակույթի, պատմության դասավանդման հարցում:
Նախարարությունը փորձել է առավելագույն թվով մասնագետներ ներգրավել, որ ստացած փորձն ու գիտելիքը փոխանցեն նաև սփյուռքի դպրոցներում դասավանդող իրենց գործընկերներին:
Կարեն Մնացականյան - Բացի մասնագիտական կարողություններ ավելացնելուց և ուժեղացնելուց, մենք կարողանում ենք ստեղծել նաև սփյուռքի ուսուցիչների համայնք: Այսինքն` ամեն վերապատաստված խումբ կապը պահում է իրար հետ, և նորերին, հներին կապում են իրար:
Սփյուքահայ ուսուցիչների վերապատրասման դասընթացների ավարտին մասնակիցները հավաստագրեր կստանան:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան