Կառավարությունն առաջարկում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին իրավունք ընձեռել ոչ հաճախ, քան եռամսյակը 1 անգամ իրականացնել շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Ըստ նախարարի՝ Հայաստանում այսօր գործում է մոտ 40 հազար ՍՊԸ, և ներկայումս գործող կարգավորման համաձայն` վերջիններս իրենց շահույթի բաշխումը կարող են իրականացնել տարեկան 1 անգամ:
«Մենք գիտենք, որ դա այդքան էլ այդպես չի ընթանում: Այդ ընկերությունները տարբեր գործիքների, հիմնականում՝ փոխառության միջոցով կարողանում են իրենց ընկերության գեներացրած շահույթն ավելի շուտ հասցնել բաժնետերերին: Այս կարգավորումով, որը շատ պարզ կարգավորում է, բայց նաև, մեր կարծիքով, շատ կարևոր, մենք թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունը ոչ թե տարին 1 անգամ, այլ ավելի հաճախ, բայց ոչ ավելի հաճախ, քան եռամսյակը 1 անգամ, կարողանա իր շահույթը բաշխել ընկերության մասնակիցների միջև»,- ասաց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ այս կարգավորումը թույլ կտա, որպեսզի ընկերությունները վարեն ավելի թափանցիկ հաշվետվողականություն և կարողանան նաև ավելի ազատ տնօրինել իրենց շահույթը: