Երևանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն: Եվրոպական միության ֆինանսավորմամբ կառուցվող կենտրոնի նպատակն է նպաստել դատարանների բեռնաթափմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը այցելեցին կառույցի համար նախատեսված շենքի շինհրապարակ՝ շինարարական աշխատանքի ընթացքին ծանոթանալու համար։
Նախարար Մինասյանը հույս հայտնեց, որ կենտրոնը կդառնա տարածաշրջանում առաջատարներից մեկը թե հայկական, թե արտասահմանյան գործող ընկերությունների համար:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Կկարողանան իրենց վեճերը վստահել մասնագիտացված կառույցի, մասնագիտացված դատարանի, արբրիտաժային կենտրոնի, ով կկարողանա, ներգրավելով նեղ փորձագետների, վեճերը լուծել արդարացի, արագ, որակով և ժամանակակից ստանդարտներին համապատսախան:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց՝ սա կարևոր քայլ է՝ Հայաստանում դատական իշխանությանը աջակցելու հարցում:
Անդրեա Վիկտորին (ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան) - Մենք համոզված ենք, որ արդարադատության ոլորտում փոփոխություններին աջակցելը էական է երկիրն իրապես զարգացնելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ սա առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար և ուրախ ենք համագործակցել այս ուղղությամբ. սա Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության մեծ ծրագրի մի մասն է։
Արբիտրաժային կենտրոնի տնօրեն Տաթև Մատինյանի խոսքով՝ կենտրոնում լինելու են միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններ: Ոլորտին քաջատեղյակ աշխատակիցներ արդեն կան, շատերն էլ առաջիկայում կներգրավվեն: Կենտրոնի կարևոր կողմերից մեկը Մատինյանը համարում է այն, որ անձը ինքը կարող է ընտրել արբրիտոր՝ և կենտրոնից, և այլ կազմակերպությունից:
Տաթև Մատինյան (Արբիտրաժային կենտրոնի տնօրեն) - Ցանկացած վեճ, պայմանագիր, որտեղ որ նախատեսված է` պայմանագրից բխող վեճերը կարող են լուծվել արբրիտրաժի միջոցով, կարող են դիմել մեր կենտրոն և ստանալ լուծումները: Կենտրոնը միտում ունի լուծում տալ ոչ միայն ներպետական գործերին, այլ նաև դառնալ միջազգային արբրիտրաժ և ներգրավվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ցանկացած միջազգային գործում:
Կենտրոնի տնօրենը հավելեց՝ պետությունը ոչ ֆինանսավորում է, ոչ միջամտում որոշումների կայացմանը, հետևաբար կենտրոնը բացարձակ անկախ մարմին է, որը ղեկավարելու է անկախ մասնագիտացված խորհուրդը:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան