Մինչև տարեվերջ Հայաստանի 30 մանկապատանեկան մարզադպրոցի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների սեփականության իրավունքով կտրամադրվի 29 տեսակի մարզագույք: Պետական բյուջեից հատկացվել է 100 մլն դրամ: Հաստատվել է նաև մարզագույքերի բաշխման ցանկը, որը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը:
Հարություն Եղոյան (ՀՀ ԿԳՄՍՆ մանկապատանեկան սպորտի բաժնի պետ) - ՀՀ բոլոր մանկապատանեկան մարզադպրոցներից և սպորտային հասարակական կազմակերպություններից ստացվում են հայտերը, պահանջարկները՝ ինչ գույք է անհրաժեշտ մարզադպրոցներին, մշակվում է այս ամեն ինչը:
Հանրապետությունում գործում է 174 մանկապատանեկան մարզադպրոց, մարզաձևերի ազգային ֆեդերացիա և մարզական այլ հասարակական կազմակերպություն, որոնցում առկա մարզական գույքը հնանում է, գույքի զգալի մասը արագամաշ է, որոշները՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործման, այդ պատճառով անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի ծրագիրը շարունակական իրականացնել:
2024-26 թվականների համար նախարարությունը ներկայացրել է 500 միլիոնի հայտ՝ յուրաքանչյուր տարվա համար:
Հարություն Եղոյան - Կարծում ենք, որ կառավարությունը կհաստատի. մանկապատանեկան մարզադպրոցների համար մեծ ձեռքբերումներ կլինեն:
2019-ին 56 դպրոցի և կազմակերպության հատկացվել էր 96 անուն մարզագույք: 2020-ին և 2021-ին պետական բյուջեից ֆինանսավորում չի հատկացվել, ուստի ծրագիրը չի իրականացվել: Այն վերականգնվել է 2022-ին՝ 68 դպրոցի և կազմակերպության 98 անուն մարզագույքի հատկացմամբ: Նախորդ տարվա ֆինանսավորումը կազմել է 280մլն դրամ: Հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է ավելի քան 2 միլիարդի հայտ, ինչը պետությունը կփորձի բավարարել մի քանի տարում՝ բաշխումը կատարելով ըստ առաջնահերթությունների:
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մարզագույք է ստանում Գյումրիի Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը: Այս մարզադպրոց մոտ 200 երեխա է հաճախում:
Իսրայել Միլիտոսյան (Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն) - Ծանրամարտի հետ կապված անհրաժեշտ գույքը մենք ունենք այսօր, նախկինից էլ ենք ունեցել, ուղղակի նախկինները, որը հնանում է, հետո պիտի փոխարինես, որ երեխաները ժամանակակից գույքով պարապեն:
Ցանկանում են նաև դիմել, որ երեխաների համար անհրաժեշտ հագուստ էլ ստանան: Օլիմպիական չեմպիոնը, որ նաև մարզադպրոցի տնօրենն է, հավաստիացնում է, որ կատարած աշխատանքը, արդյունքները կարդարացնեն մարզագույքի համար արված ծախսերը:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան