Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց:
Մանվել Շահվերդյան (դատավոր) - Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Հակոբյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատարանի վճռով մեքենան, որով առևանգել էր Աշոտ Փաշինյանին, կվերադարձվի, իսկ մեքենան, որը հարվածում էր տուժողին, դեռ հատուկ պահպանվող տարածքում է, այդ դրվագով Քննչական կոմիտեում նախաքննությունը շարոնակվում է: Մինչև դատավճիռը` նախորդ անգամ դռնբաց նիստն այս անգամ դռնփակ անցկացվեց, նման միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալը, որի մասին պաշտպանական կողմը տեղյակ էլ չէր: Դռնփակ սկսած նիստից շատ չանցած` պաշտպանները դուրս եկան և հայտարարեցին՝ Հակոբյանի ցանկությամբ նրանք այլևս չեն իրականացնում նրա պաշտպանությունը, ընդգծեցին՝ դիրքորոշման փոփոխություն կա:
Գեորգի Մելիքյան (փաստաբան) - Մենք արդարացման հիմքով պետք է շարունակեինք մեր պաշտպանությունը, սակայն տիկին Գայանե այլ կարծիքի էր:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը արագացված վարույթ կիրառելու միջնորդություն է ներկայացրել, ինչը ենթադրում է, որ ընդունել է մեղքը: Դատարանի գրությամբ Հանրային պաշտպանի գրասենյակը Գայանե Հակոբյանին պաշտպան տրամադրեց։ Նիստը տևեց մեկ ժամից էլ քիչ, ինչից հետո, արդեն դռնբաց կարգով, դատարանը հրապարակեց դատավճիռը: Դատավճռից հետո տուժող Աշոտ Փաշինյանը հայտարարեց՝ չի բողոքարկելու, դռնփակ նիստի ընթացքում էլ որևէ առարկություն չի ներկայացրել:
Աշոտ Փաշինյան (տուժող) - Գոհ եմ, որ իրավական գնահատական տրվեց միջադեպին: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է՝ անկախ, թե ում է վերաբերում միջադեպը: Նաև գոհ եմ, որ արդարադատության համակարգը և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը կամ կանխարգելիչ միջոցը այս մասնավոր հանցանքի դեպքում շատ խիստ չէր տիկին Գայանեի նկատմամբ:
Տուժողի խոսքով՝ Հայաստանում ցանկացած միջադեպ պետք է ստանա իրավական գնահատական։
Աշոտ Փաշինյան - Իմ դիրքորոշումը չի փոխվում որևէ պարագայում, ես պատասխանատու կերպով ասում եմ, որ ես պաշտպանում եմ այդ դիրքորոշումը։ Եվ կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պաշտպանի այդ մոտեցումն և սկզբունքը։ Ըստ էության՝ Սահմանադրության և օրենքների պաշտպանությունը կարևորագույն մասն է պետության կայացման, և որևէ պարագայում դրան այլընտրանք չի կարող լինել, որովհետև որևէ այլ մտածողություն դրա դեմ ինքնին դեմ է պետությանը։
Լրագրողները հնարավորություն չունեցան դիրքորոշման փոփոխության վերաբերյալ հարց ուղղել Գայանե Հակոբյանին, նա դատարանից հեռացել էր այլ մուտքով:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան