Արցախի փողոցում գտնված նորածնի առողջական վիճակն արդեն բավարար է: Չորս շաբաթ առաջ երեխային ջերմության մինչև 31 աստիճան անկմամբ և շնչառական անբավարարությամբ տեղափոխել էին Մուրացան հիվանդանոց: Անհայտ ընկեցիկ գրառման կողքին ավելացել է նաև անունը՝ Մարիամ:
Սիրանուշ Էտիբարյան («Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժշկի բուժ. գծով տեղակալ) - Ներկայում երեխայի վիճակը բավարար կայուն է, սնվում է կաթնախառնուրդով: Փաստաթղթերը կազմված են, ներկայացված են, սպասում ենք կազմավորման ավարտին:
Երեխան հաշվառված է որպես «առանց ծնողական խնամքի մնացած»: Ծննդյան վկայականն արդեն պատրաստ է: Միասնական սոցիալական ծառայությունից տրամադրել են երեխայի հետագա խնամքի հետ կապված նախնական եզրակացություն:
Ստելլա Ավագյան (Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի պետ) - Վերջնական եզրակացությունը՝ երեխայի հետագա խնամքի հետ կապված եզրակացություն է տալիս Երևանի քաղաքապետարանը, որից հետո արդեն կորոշվի` երեխայի խնամքը որտեղ է իրականացվելու: Տեղավորման ձևերը երեխայի տարբեր են, կարող է լինել խնամակալությունը, կարող է լինել խնամատար ընտանիք, կարող է լինել որդեգրում, և կարող է լինել մանկան տուն՝ ինչ-որ հաստատություն, դեռևս դա վերջնական որոշված չէ:
Այն կիսաքանդ ավտոտնակում, որտեղ շենքի բնակիչը գտել էր երեխային՝ կեղտոտ կտորով փաթաթված, այժմ քարերով փակված է: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ծննդկանի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Նույն հասցեում երկու տարի առաջ արկղի մեջ հայտնաբերված աղջկա ծնողներին այդպես էլ գտնել չստացվեց. երեխան որդեգրված է:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան