«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Քվանտա» մագիստրոսական ծրագրով այս տարի նույնպես ընդունելություն կլինի: Նախորդ տարվա դրական արդյունքներն ու դիմորդների ակտիիվությունը էլ ավելի են ամրապնդել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի այս ծրագիրը շարունակելու որոշումը:
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Աշխարհը այժմ գտնվում է քվանտային հեղափոխության դարաշրջանում, մենք ներդրումներ ենք կատարում հենց քվանտային ֆիզիկայի ոլորտում, որպեսզի Հայաստանը, Հայաստանի գիտական աշխարհը պատրաստ լինեն ապագայի բոլոր տեսակի մարտահրավերներին հենց քվանտային համակարգերի, մեխանիզմների բնագավառում:
Մագիստրոսական ծրագրով ընդունելությանը դիմորդներին նախապատրաստելու համար նորից կկազմակերպվի ամառային դպրոց: Դրան մասնակցությունը, սակայն, պարտադիր պայման չէ մագիստրատուրա դիմելու համար:
Գևորգ Մելիքսեթյան («Քվանտա» ծրագրի ղեկավար) - Հուլիսի 1-10-ը Դիլիջանում կանցկացվի ծրագրի ամառային դպրոցը, որտեղ ուսանողները բավականին ինտենսիվ կունկնդրեն քվանտային ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա առարկաները, իսկ ծրագրին կարող են դիմել ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ինչպես նաև ճարտարագիտության, մասնավորապես` տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս փոխադրվող ուսանողները, ինչպես նաև այդ ոլորտում բակալավրի կրթական աստիճան ունեցող անձինք:
Ամառային դպրոցի դասընթացների համար դիմելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Դպրոցում տեղերը 45-ն են, մագիստրատուրայում՝ 15-ը: Ի դեպ, նախորդ տարի մագիստրատուրայի լիցենզիոն բոլոր 15 տեղերը համալրվել են, բայց, հաշվի առնելով ծրագրի բարդությունն ու ծավալը, ոչ բոլոր ուսանողներն են կարողացել շարունակել կրթությունը: Ծրագրի ղեկավարը նշում է՝ առաջնորդվում են այն սկզբունքով, որ ընդունվելը լինի հեշտ, բայց սովորելը և ավարտելը՝ դժվար:
«Քվանտա» ծրագրով դասավանդում են թե տեղի և թե միջազգային գիտակակրթական կենտրոնների առաջատար պրոֆեսորներ ու գիտնականներ:
Արամ Նահապետյան («Քվանտա» մագիստրոսական ծրագրի ուսանող) - Ծրագրի արդյունավետությունը լավ եմ գնահատում: Արտասահմանից եկող դասախոսները կիսվում են իրենց փորձով, իրենց գիտելիքներով, որը շատ օգտակար է, ու մենք ծանոթանում ենք նաև նոր մոտեցումներին` ինչպես դասավանդման, այնպես էլ կոնկրետ գիտության հետ կապված հարցերում: Դասերը անց են կացվում անգլերենով: Իրականում անգլերենը համարվում է գիտության լեզուն ամբողջ աշխարհում, և իրականում լավ փորձ է գիտության լեզվով խոսել գիտության մասին:
«Քվանտա» մագիստրոսական ծրագրի տևողությունը 1.5 տարի է: «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ասում է՝ նոր ռեսուրսներ ներգրավելու պարագայում մտադիր են բարձրագույն կրթության և գիտության ոլորոտում չսահմանափակվել միայն այս ուղղությամբ և մագիստրոսական ծրագրեր իրականացնել նաև բիոինֆորմատիկայի, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ բնագավառներում:
Հեղինակ` Աննա Զախարյան