Հայաստանի համար սկզբունքային են 29.800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը և Արցախի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները՝ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հայաստանի համար նաև սկզբունքային է խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո միջազգային երաշխավորի առկայությունը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Իմ անձնական կարծիքն է, որ կարևորը՝ որ լինի այնպիսի երաշխավոր, որը որ հետամուտ կլինի այն պայմանավորվածության կատարմանը, որը որ ձեռք կբերվի, որովհետև մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինձ չի բավարարում, և, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիներին էլ չեն բավարարում մեր գործընկերների թե՛ հայտարարությունը, թե՛ պահվածքը: Մենք նոյեմբերի 9-ի փորձը ունենք, չէ՞, և մենք նույն սխալները էլ չենք անելու:
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, բոլոր խնդիրները մնալու են չլուծված, անգամ Ադրբեջանի տեսանկյունից՝ հայտարարել է Ալեն Սիմոնյանը: Ըստ ԱԺ նախագահի՝ միջազգային հանրությունն այժմ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի այդ երկխոսությունը կայանա:
Ալեն Սիմոնյան - Հակառակ պարագայում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի լինի, կլինի մի մեծ բաց, որը որ անընդհատ տարիների, միգուցե տասնամյակների ընթացքում ինքը չի կարողանալու փակել: Եթե ինքը չնստի և չխոսի հայ բնակչության հետ, Արցախում բնակվող այդ վերքը, մեր վերքը մի օր իր պտուղները տալու է:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի բնակչությանն ուղղված վերջին սպառնալիքներին, նշել, որ, իր կարծիքով, դրանք նախաբանակցային հայտարարություններ են:
Ալեն Սիմոնյան - Սա նախորդում է գալիք այս բանակցություններին, մշտապես ինքը հայտնի է նման հայտարարություններով, երբ բանակցություններ են սպասվում: Կարելի է ասել՝ ինչ-որ մարտավարություն է, իմ ընկալմամբ, ինչ-որ սանդղակ է դնում, որպեսզի էդտեղից սկսի սակարկել և խոսալ: Ես վստահ եմ նաև, որ ներսում ինքը մեծ խնդիրներ ունի, որովհետև մարդ, որը որ բավականին երկար ժամանակ ընտանյոք հանդերձ զբաղեցնում է ղեկավարի պաշտոն, նա արտաքին թշնամի ստեղծելու կարիք ունի:
ԱԺ նախագահը բացառեց, որ 29.800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի: Նրա խոսքով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, որի մասին բազմիցս հայտարարվել է: